Ռուսաստանում շատ սադրիչներ կան. Հայրիկյանը շարունակում է մեղադրել ռուսական իմպերիալիզմին
Այո՛, Ռուսաստանում շատ սադրիչներ կան, որ ուզում են հայ-ռուսական հարաբերությունները փչացնել. այսօր հիվանդանոցից անակնկալ հայտնվելով ասուլիսին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն ի պատասխան ռուսական կողմից հնչեցված արձագանքներին։
Հիշեցնենք, որ Հայրիկյանն իր վրա հարձակվելու մեջ ուղղակիորեն մեղադրեց ռուսական իմպերիալիզմին, որից հետո ռուսական մամուլը և որոշ պաշտոնյաներ այն համարեցին անհեթեթություն և սադրանք։
Հայրիկյանը մի քանի օրինակ բերեց՝ նշելով, որ այդ հայտարարություն տարածողները նույն ռուսական իմպերիալիզմի ներկայացուցիչներն են։
«Այդ սադրիչներն էին, որ միջամտեցին, երբ Հայաստանը գազամուղ էր քաշում Պարսկաստանից և պահանջեցին, որ նրա տրամագիծը փոքր լինի։ Այդ սադրիչներ են, որ ժամանակին կազմակերպեցին Սումգայիթի ջարդը, նախորդ սադրիչները Արցախը վերցրեցին և տվեցին Ադրբեջանին, որ մենք վատ հարաբերությունների մեջ լինենք հարևանների հետ։ Այդ նույն ռուսական սադրիչներն էին, որ Աթաթուրքի հետ դաշինք կնքեցին և հարձակվեցին ցեղասպանություն տեսած Հայաստանի վրա»,- ասաց նա և նշեց, որ իր ցանկությունն է, որ Ռուսաստանի այդ սադրիչները վերջ դնեն այդ սադրանքներին։
«Հիմա այդ նույն սադրիչներն են, որ նման հայտարարություններ են տարածում։ Ես հիմա 4 ռուս գործընկերներիցս հեռախոսազանգեր էի ստացել։ Ես գնահատում եմ ռուսականի դրականը։ Չմոռանանք, երբ մենք ազգային զարթոնք էինք ապրում հայ ժողովուրդը կոմունիստական բռնապետության մեջ առաջինը սկսեց ինքնորոշման շարժումը, այդ ժամանակ իմպերիալիստական ռուսները՝ Գորբաչովի գլխավորությամբ, Հայրիկյանին արտաքսեցին Եթովպիա»,- ասաց նա։
Նա անդրադարձավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը։ «Ով հայտարարել էր, որ պետք է պարզաբանենք, սա մահափո՞րձ էր, թե՝ ոչ։ Ուրեմն պարոն Բորդյուժան կամ գիտի որոշ տվյալներ, որ դեռ չի հայտնել մեր Ազգային անվտանգությանը, կամ ինքը այդ ռուսական իմպերիալիզմի ներկայացուցիչն է։ Ավելի պարկեշտ կլիներ, եթե Բորդյուժան հարցներ Արթուր Բաղդասարյանին, չնայած դա իմ սովորեցնելիքը չէ»,- ասաց նա։
Հայրիկյանը հիշեցրեց, որ իր ցանկությունը մեկն է. «Մենք և մեզ հետ առնչվող բոլոր պետությունները և, մանավանդ, Ռուսաստանը, որի հետ խոր հարաբերությունների մեջ ենք, ապրենք նույն արժեքային համակարգով»։
Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե մարդասպանը պրոֆեսիոնալ չէր, Հայրիկյանը այդպես չի կարծում։ «Պատկերացնո՞ւմ եք դեպքը. 25 սմ-ից, երբ փամփուշտը մարդու մարմնով անցնի և մարդը կենդանի մնա։ Ես Տիրոջ կամքով կենդանի մնացի, իսկ սա չի նշանակում, որ դիմացինը սխալ է արել։ Հրեշտակները չթողեցին, և ես դեռ պետք է օգտակար լինեմ»,- ասաց նա։










