Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է (լուսանկարներ)
Արդեն 16-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը այսօր առավոտյան կտրուկ վատացել է. նրա արյան զարկերակային ճնշումը կտրուկ իջել է 80/40-ի:
Tert.am ի թղթակցի հաղորդմամբ՝ չնայած այս պահին Անդրիաս Ղուկասյանի վիճակը մի փոքր կայունացել է և արյան ճնշումը այս պահին 90/60 է, նա պառկած է և չի խոսում լրագրողների հետ:
Թեկնածուի մոտ հերթապահում են «Շտապ օգնության» մեքենաներ և ոստիկաններ, կան նաև խմբված անցորդներ:
«Շտապ օգնության» բժիշկը, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչ կարող է ասել ՀՀ նախագահի թեկնածուի առողջական վիճակի մասին, ասաց, որ 16 oր հացադուլի մեջ գտնվող մարդուն բնորոշ վիճակ է:
Բժիշկը չի պատասխանել հարցին, թե ինչ խորհուրդներ է տվել Անդրիաս Ղուկասյանին՝ ասելով, որ դա բժշկական գաղտնիք է:
Նշենք, որ այսօր Անդրիաս Ղուկասյանին են այցելել նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Սեդրակյանը և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը:
Անդրիաս Ղուկասյանի լիազորված անձը հայտնեց, որ թեկնածուն չի մասնակցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր ժամը 17-ին կայանալիք արտահերթ նիստին, որում քննարկվելու է Անդրիաս Ղուկասյանի դիմումը, որով նա պահանջում է վերացնել գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչական նյութերում Անդրեաս Ղուկասյանի լուսանկարի օգտագործումը և թյուր տեղեկատվության տարածումն արգելելու վերաբերյալ խախտումը։










