Արթուր Բաղդասարյանը մասնակցել է Բավրա-Նինոծմինդա պետական սահմանի անցակետերի ծրագրի բացմանը

14:27 • 06.02.13

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է «Հայաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Բավրա-Նինոծմինդա պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության խորհրդի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։


Մեկնարկային համաժողովին Ազգային անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համատեղ ներկայացրել են ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակներն ու հեռանկարները:


Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների պատասխանատու պաշտոնատար անձինք: Համաժողովին ելույթներով հանդես են եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Քոր-Բիզոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:


Իր խոսքում Արթուր Բաղդասարյանն ընդգծեց համաժողովի կարևոր նշանակությունը և, մասնավորապես, նշեց. «Սահմանային անվտանգության ապահովման խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, և սահմանային անվտանգության ապահովման ռազմավարության հաստատումից հետո մենք այս ոլորտում ունենք բավականին դրական զարգացումներ: Մենք բավականին արդյունավետորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ Հայաստան-Վրաստան պետական սահմանի արդիականացման ուղղությամբ: Մեր աշխատանքները մտել են վճռորոշ փուլ, և մենք շուտով լավ արդյունքներ կգրանցենք Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում` ունենալով ԵՄ «Դեղին գրքի» ժամանակակից պահանջներին, միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ:


Զարգացումները թույլ են տալիս մեզ պնդելու, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կբարձրացնեն ու կամրապնդեն մեր սահմանային անվտանգությունը: Այս ծրագրի լիարժեք կենսագործումը կնշանակի կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցում կամ վերացում, մաքսանենգության դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործում, բեռների և քաղաքացիների առավել արագ և ազատ տեղաշարժ, բյուրոկրատական քաշքշուկների և ավելորդ թղթատարության վերացում»:


Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլն 403 հազար եվրո, նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի «Բավրա» և «Նինոծմինդա» անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված կլինեն միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաև մարդկանց միջսահմանային շարժի հեշտացմանը:


Ծրագրի շրջանակներում կարդիականացվեն «Բավրա» և «Նինոծմինդա» անցման կետերի սահմանային ենթակառուցվածքները, ինչպես նաև կկատարվի Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների աշխատակիցների կարողությունների զարգացում մի շարք ոլորտներում` հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացների միջոցով, ներառյալ փաստաթղթերի նույնականացումը, ռիսկերի գնահատումը և պրոֆիլավորումը, զննման մեթոդները, միջազգային հեղինակային իրավունքը և կեղծ ապրանքանիշերով ապրանքների նույնականացումը, փախստականների և ապաստան հայցողների իրավունքները, ծառայողական հերթափոխերի կառավարումը և այլն: