Եթե մրցակցություն է ագրեսիան, լարվածությունը, բաժանարար գծերը, ապա դա մեզ պետք չէ. Արմեն Աշոտյան

15:48 • 06.02.13

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառումով անուղղակի կերպով անդրադարձել է «որոշ քաղաքական շրջանակների» և «Հայաստանի բարեկամների» կողմից ՀՀ ներքաղաքական և նախընտրական իրավիճակին տրված գնահատականներին:


«Եթե Հայաստանի այդ «բարեկամները», տեսնելով, որ այս նախագահական ընտրություններին չկա՝ բևեռացում, անհանդուժողականություն, հասարակական լարվածություն, ագրեսիա և բաժանարար գծեր, քննադատում են մեզ, ուրեմն ասենք իրենց, որ նման «մրցակցություն» մեր երկրին ու ժողովրդին հաստատ պետք չէ»,- նշում է Արմեն Աշոտյանն իր «Ի՞նչ է նշանակում «մրցակցային ընտրություններ» վերտառությամբ գրառման մեջ:


Ուշագրավ է, որ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում, անդրադառնալով Պարույր Հայրիկյանի մահափորձին նշել էր, որ այն քանդում է ընտրությունների այն ուրախ պատկերը, ինչպես նաև անվտանգ և ապահով Հայաստանի միֆը: Մի բան, որ ըստ դեսպանի՝ արդեն ազդում է ընտրությունների գնահատականի վրա:



Դիվանագետը նաև կարծիք էր հայտնել, որ, չնայած նման բաներ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում, բայց սա հնարավոր էր, որովհետև Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը:


«Վերցրեք 2008թ. իրադարձությունները: Ոչ ոք պատասխան չտվեց: Ամենաթողության մթնոլորտը կարող էր ինչ-որ մեկին դրդել, որ կարելի է կրակել: Ահա, քաղաքականության մեջ ոչինչ չի առաջանում ոչնչից: Քաղաքականության մեջ, ինչպես հղիությունն է, ոչինչ չի կորչում, դա պետք է իր արդյունքը տա: Քաղաքական գործիչը չի կարող խուսափել պատասխանատվությունից իր գործունեության համար և ոչ թե այնտեղ, հեռավոր աշխարհում, այլ այստեղ: Խոսք կա «կմախքներ պահարանում»: Միայն անհեռատես քաղաքական գործիչներն են կարծում, որ կարելի է թաքցնել այդ կմախքները: Ես հուսով եմ, որ ցավալի իրադարձությունը չի ազդի ոչ ընտրությունների արդյունքների, ոչ էլ քարոզարշավի վրա: Բայց մի բան փաստ է տոնն արդեն փչացված է»,-ասել էր Լեհաստանի դեսպանը:

 

Ի դեպ, այսօր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն իր հերթին «Թվիթեր» սոցկայքում անդրադարձել է Հայաստանում ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցի մասնաճյուղ բացելու մասին խոսակցություններին և գրել. «Լսել եմ՝ Carrefour-ը ցանկանում է բացվել Երևանում։ Ես օգտվել եմ այս խանութից Բրյուսելում։ Լավ կլինի (դրա բացումը-Tert.am) այստեղ` մրցակցության համար։ Հուսով եմ` դա տեղի կունենա»:


Արմեն Աշոտյանի՝ քաղաքական շրջանակների անդրադարձը հետևյալն է։ «Որոշ քաղաքական շրջանակներ, որոնց մինչև նախագահական ընտրությունների մեկնարկը թվում էր, թե մոլորակն իրենց շուրջ է պտտվում և իրենք են «երկրիս աղը», հայտնվելով քաղաքական մեյնսթրիմից դուրս, շարունակաբար փորձում են գալիք ընտրությունները պիտակավորել որպես ոչ մրցակցային: Նրանց են ձայնակցում նաև «խիստ հայտնի» փորձագետներ և որոշ արտասահմանյան դիտորդներ»,– գրել է նա:

 

Իրականում մրցակցային ընտրությունը, ըստ Արմեն Աշոտյանի, նշանակում է՝ ծրագրային դրույթների, գաղափարների, առաջարկությունների, տեսլականների, ապագայի պատկերացումների բազմազանություն և ազատ քննարկում, ինչը և բնութագրում է իրական քաղաքական մրցակցությունը:

 

«Հայաստանը այլևս հետընտրական իրադարձությունների երկիր չպետք է լինի:
Որքան էլ դա այդ մարդկանց սրտով չէ..»,- գրել է Արմեն Աշոտյանը։