Հուսով եմ՝ Carrefour-ը կբացվի Հայաստանում. Հայաստանում ԱՄՆ դեսպան
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն անդրադարձել է Հայաստանում ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցի մասնաճյուղ բացելու մասին խոսակցություններին։
«Լսել եմ՝ Carrefour-ը ցանկանում է բացվել Երևանում։ Ես օգտվել եմ այս խանութից Բրյուսելում։ Լավ կլինի (դրա բացումը-Tert.am) այստեղ` մրցակցության համար։ Հուսով եմ` դա տեղի կունենա»,- գրել է Հեֆերնը՝ Twitter-ի իր հաշվում։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում խոսակցություններ են տարածվել այն մասին, որ հայ օլիգարխները փորձում են խոչընդոտել աշխարհահռչակ հիպերմարկետների մուտքը հայկական շուկա։
Տեղեկություններ կան նաև այն մասին, որ «Դալմա գարդեն մոլ»-ի տարածքում Carrefour-ի փոխարեն «Երևան սիթի» է բացվելու։
Հիշեցնենք նաև, որ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հիպերմարկետի դեմ բողոքի ակցիա են պատրաստվում իրականացնել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատերերը։
Հիպերմարկետը նախատեսվում էր բացել անցյալ տարվա նոյեմբերին, սակայն վերջերս տարածած հաղորդագրության մեջ ընկերությունը տեղեկացրել էր, որ ներկայում ուսումնասիրում են հայկական շուկան, և այն կբացվի 12 ամսվա ընթացքում։










