ԿԸՀ-ն մերժեց Անդրիաս Ղուկասյանի դիմումը՝ կապված Սերժ Սարգսյանի նախընտրական տեսհոլովակի հետ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում մերժեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը, որով վերջինս պահանջում էր արգելել նախագահի թեկնածու, գործող նախագհ Սերժ Սարգսյանին իր նախընտրական գովազդային հոլովակում օգտագործել լուսանկարը, որում երևում է նաև Անդրիաս Ղուկասյանը՝ Մաշտոցի պուրակի կրպակների դեմ ակցիայի ժամանակ։
«Սերժ Սարգսյանն օգտագործում է գովազդային հոլովակ, որտեղ օգտագործվում է իմ պատկերը, ինչը կարող է թյուր պատկերացում ստեղծել հասարակության մոտ»,- նշված է դիմումում։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հարցը դրեց հանձնաժողովի քննարկմանը, որին ներկա էր նաև Անդրիաս Ղուկասյանի լիազոր ներկայացուցիչը, ում պնդմամբ՝ հասարակության մեջ առաջացել է այնպիսի ընկալում, թե Անդրիաս Ղուկասյանը և Սերժ Սարգսյանը թիմակիցներ են։
Ի պատասխան Մուկուչյանն ասաց, որ «թյուր ըմբռնումը» ընդհանուր է ասված, և կարող է մեկի մոտ թյուր կարծիք ձևավորվել, մյուսի մոտ՝ ոչ:
«Ուրիշների անունից թյուր ընկալում կա՞, թե ոչ, և հասարակություն ասելով ի՞նչ զանգվածի մասին է խոսքը»,- հարցադրում արեց Մուկուչյանը՝ հավելելով, որ դիմումի մեջ ոչ մի իրավական հիմնավորում նշված չէ։ Նա նաև նշեց, որ այդ և մյուս լուսանկարները հասարակական վայրում են արված։
«ԿԸՀ-ն փաստում է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախատեսվում է նախընտրական քարոզչության ազատ իրականացումը, իսկ այդ հոլովակը համապատասխանում է օրենքի այդ կետին»,- ասաց ԿԸՀ նախագահը:










