Բրիտանիայում հավաքարարը 3 տարի շարունակ շարքից հանել է ընկերության համակարգիչները՝ աշխատավարձը չբարձրացնելու պատճառով

17:45 • 06.02.13

Մեծ Բրիտանիայում 44-ամյա հավաքարար Էդվարդ Սոբոլևսկին 3 տարվա ընթացքում փչացրել է այն ընկերության համակարգիչները, որտեղ ինքն աշխատել է։


Ինչպես տեղեկացնում է Корреспондент.net-ը, վնասի ընդհանուր չափը գնահատվում է 50.000 դոլար։


Երբ ընկերության ղեկավարությունը հրաժարվել է բարձրացնել նրա աշխատավարձը, աշխատակիցն ընկել է ընկճախտի մեջ և վրեժ լուծելու համար սկսել է մաքրող նյութեր քսել համակարգիչների վրա, անգամ սերվերի վրա հենց շշով մաքրող հեղուկ է լցրել։


Տեխնիկայի հաճախ վնասվելու պատճառը պարզ է դարձել միայն այն բանից հետո, երբ անվտանգության տեսախցիկներ են տեղակայվել։


Արդյունքում, դատարանը վճռել է նրան տուգանել 16.000 դոլարի չափով, ինչպես նաև դատապարտել 8 ամսվա ազատազրկման։ Դատարանում Սոբոլևսկին ընդունել է, որ սխալ է վարվել և համաձայնվել է վճարել գումարը։


Միջադեպից օգտվել է միայն այն ընկերությունը, որն արտադրել է այդ մաքրող նյութերը։ Բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո նա հայտարարել է, որ իր վաճառքի ցուցանիշներն էապես աճել են։