ԱՄՆ-ում հանցախումբը 200 մլն դոլար է գողացել կրեդիտ քարտերի միջոցով

09:44 • 06.02.13

ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել երկրի պատմության ընթացքում կրեդիտ քարտերի հետ կապված խարդախության խոշորագույն դեպքերից մեկը, որի շրջանակներում խաբեբաներին հաջողվել է առնվազն 200 մլն դոլար գողանալ, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով Associated Press-ին։

 

Ըստ իրավապահների տվյալների՝ 18 հոգանոց խումբն իր հանցավոր գործունեությունը սկսել է Նյուարկ քաղաքում ՝ 2007թ։ Նրանք օգտագործել են շուրջ 7 հազար անձը հաստատող կեղծ փաստաթուղթ, որոնց միջոցով ստացել են 25 հազարից ավելի կրեդիտ քարտ։

 

Ոստիկանները նշում են, որ հանցախումբը գործել է ԱՄՆ-ի 28 նահանգներում, այնուհետև ստացված գումարները փոխանցվել են Պակիստան, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռումինիա, Չինաստան և Ճապոնիա։

 

Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 18 մարդու դեմ, որից 4-ն արդեն ընդունել է իր մեղքը։ Նրանց մեղավորությունը հաստատվելու դեպքում յուրաքանչյուրին սպառնում է 30 տարվա ազատազրկում և 1 մլն դոլարի չափով տուգանք։