Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն աճել են. Ոստիկանություն
2012-ին արձանագրվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որից 621-ը իգական սեռի նկատմամբ, 145-ը` արական: Անչափահասների նկատմամբ արձանագրվել է ընտանեկան բռնության 15 դեպք:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը` ամփոփելով նախորդ տարի արձանագրված ընտանեկան բռնության դեպքերը:
Նելլի Դուրյանի խոսքով՝ նախորդ տարիների համեմատ այդ բռնությունների թիվն աճել է, ինչը Ոստիկանության կողմից իրականացված համալիր ստուգումների արդյունք է։ Նաև բռնության ենթարկվածներն ավելի շատ են սկսել դիմել Ոստիկանություն:
«Ընտանիքներում տղամարդկանց նկատմամբ իրականացված բռնությունը դրսևորվել է հիմնականում հայր-որդի հարաբերության մեջ: Ունենք մի դեպք, երբ կնոջ կողմից տղամարդու նկատմամբ սպառնալիք է եղել»,- ասաց Նելլի Դուրյանը:
Անդրադառնալով կանանց նկատմամբ բռնություններին, Նելլի Դուրյանն ասաց, որ 2012-ին արձանագրվել է 2 026 դեպք և գերակշռել է ծեծը` 423 դեպք և թեթև մարմնական վնասվածքը` 125 դեպք:
«Բռնության դեպքերն ավելի շատ Երևան քաղաքում են լինում, հաշվի առնելով, որ այստեղ բնակչությունն ավելի խիտ է: Գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 215 դեպք և ավելի շատ տղաներն են, որովհետև խոսքը գնում է ֆիզիկական բռնության մասին»,- ասաց Նելլի Դուրյանը:
Ասուլիսին ներկա հոգեբան Իրինա Ծատուրյանի խոսքով՝ ընտանեկան բռնությունը կարող է լինել, հոգեբանական, սեռական, ֆինանսական և ֆիզիկական բնույթի:
«Հոգեբանական բռնությունը համարվում է այն, որ ավելի շատ կատարվում է կնոջ նկատմամբ, իսկ տղամարդկանց դեպքում դա կարող է լինել այն, երբ օրինակ՝ տղամարդը կարող է դժգոհել նրանից, թե իր կինն ինչպես է ճաշ եփում, երեխաներին դաստիարակում և այլն»,- ասաց Իրինա Ծատուրյանը:
Ասուլիսի բանախոսները փաստեցին, որ Հայաստանում ընտանեկան բռնություն կոչված երևույթն այնքան տարածված չէ, որքան ամբողջ աշխարհում:










