Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատարին

17:09 • 06.02.13

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատար Նորմունդս Գարբարսին: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԽ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։


Նորմունդս Գարբարսը նախ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա նշել, որ Լատվիայի սահմանապահներն այսօր ակտիվ ծառայություն են իրականացնում Եվրոպայում` սահմանների պաշտպանության և պահպանման գործում: Լատվիայի սահմանապահներն ինտեգրված են միասնական կրթական համակարգին` ստանում են որակյալ կրթություն և անցնում վերապատրաստման դասընթացներ:


Նորմունդս Գարբարսը նաև նշել է, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ հայ և լատվիացի սահմանապահների միջև համագործակցություն ծավալելու համար:


Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ այսօր Հայաստանը Եվրամիության հետ բազմաթիվ ուղղություններով իրականացնում է բարեփոխումներ և Լատվիայի փորձը, որպես Եվրամիության անդամ երկիր, մեծ է ու հետաքրքիր և այն կարող է օգտակար լինել Հայաստանի համար:


Քանի որ Հայաստանը և Լատվիան ԵՄ արտաքին սահմանների կառավարման գործակալության` FRONTEX-ի հետ ունեն համագործակցության համաձայնագրեր, ապա Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու թե FRONTEX-ի միջոցով և թե երկկողմ իրականացվող համատեղ ծրագրերին և միջոցառումներին, որոնք ամուր հիմք կհանդիսանան սահմանների համալիր կառավարման և սահմանային անվտանգության հետ կապված խնդիրները էլ ավելի արդյունավետ լուծելու համար:


Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի և Լատվիայի սահմանապահների միջև ուրվագծվող համագործակցությունը առաջիկայում կտեղափոխվի գործնական հարթություն: