Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկում բժիշկների պատճառով մահացել են հարյուրավոր հիվանդներ
Մեծ Բրիտանիայում հայտնի իրավաբան Ռոբերտ Ֆրանցիսը մի քանի ամիս տևող հետազոտություն է կատարել Ստաֆֆորդի հիվանդանոցում գրանցված մահացությունների վերաբերյալ և հանգել է այն եզրակացության, որ ավելի քան 1000 միջադեպերում մեղավոր է հաստատության անձնակազմը: Այս մասին հայտնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Հիվանդանոցի բժիշկները, բուժքույրները և կառավարիչները անտեսում էին հիվանդների բողոքները, իսկ հաճախ նրանք անհրաժեշտ օգնությունը տրամադրում էին ժամեր հետո կամ սխալվում էին ախտորոշման մեջ:
Հետազոտության հիման վրա արված զեկույցում նշվում է, որ շատերին հնարավոր էր փրկել, սակայն օրենքների և նորմերի չպահպանման արդյունքում 2005-ից 2009 թվականների մահացությունների թիվը կտրուկ բարձրացել է:
2009 թվականին ողբերգական ցուցանիշի վրա ուշադրություն էին դարձրել իշխանությունները և սկսել էին առաջին հետաքննությունները: 2010 թվականին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի խնդրանքով անկախ քննություն է անցկացրել Ռոբերտ Ֆրանցիսը:
Զեկուցումը նախապատրաստելու ընթացքում հայտնի իրավաբանը հարցում է անկացրել 181 վկաների մոտ, ուսումնասիրել է հիվանդանոցի փաստաթղթերը և հրապարակել է իր աշխատության արդյունքները:










