Արմավիրի բնակիչը պահանջում է, որ նախագահի թեկնածուները միանան և վերադարձնեն ավանդները (տեսանյութ)

12:39 • 06.02.13

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բնակիչ, 85-ամյա Գրիգոր Ղազարյանը նախագահի թեկնածուներից պահանջում է միավորվել և նախագահ դառնալու փոխարեն վերադարձնել իրենց ավանդները։ 


«Պարո՛ն Բագրատյան, պարո՛ն Հովհաննիսյան, պարո՛ն Սարգսյան, չգիտեմ ով ինչպես, բայց բոլորը թող միանան, և ոչ թե նախագահ դառնան, այլ մեր ավանդները տան, որ ես հացամուր (նկատի ունի հաց մուրացող – Tert.am) չդառնամ, չգնամ սրան նրան ասեմ՝ ինձ փող տվեք, ինձ հաց տվեք»,- Tert.am—ի հետ զրույցում ասաց նա։


Գրիգոր Ղազարյան ասում է, որ իր մեռնելու ժամանակն է և չի հասկանում, թե ինչու պետությունն իր ավանդները չի վերադարձնում։


«Ես ստալինյան ռեժիմով գիշեր ցերեկ աշխատել եմ, կոպեկ եմ գցել բանկ, աշխատել եմ ջրաշինական ոլորտում, Ախուրյանի թունելը ես եմ կառուցել, և, ի վերջո, ես քրտինք եմ թափել, հիմա իմ ծերության շրջանում պահանջում եմ այդ գումարները, որպեսզի ապրեմ»,- ասաց նա՝ նշելով, որ «բոլորս էլ հայ ենք, թող բոլորն էլ ապրեն, թող օգտվեն ավանդներից», բայց իր փողերը տան:


Հարցին, թե ինչպես է վերաբերվում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ծրագրին, ըստ որի, ավանդները կտրամադրվեն այնպես, որ հետագայում ժառանգներն էլ կարողանան ստանալ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ ժառանգներին աստված երկար տարիների կյանք տա, բայց ինձ հիմա է պետք, արդեն 85 տարեկան եմ, մի ոտքս էստեղ ա, մի ոտքս գերեզմանում»: