Հնարավորություն, որն Իրանը չպետք է բաց թողնի. The Independent

11:38 • 06.02.13

Լավ է, որ Թեհրանը համաձայնվել է վերսկսել բանակցություններն իր միջուկային ծրագրերի շուրջ, գրում է The Independent-ը՝ իր խմբագրականում։

 

Ինչպես փոխանցում է InoPressa կայքը, թերթն այս հարցում լավատեսության համար պատճառ է տեսնում. Իրանի արտգործնախարարությունը խոսել է «պոզիտիվ բանալու» մասին, թվում է, թե պատժամիջոցներն Իրանին լուրջ վնաս են հասցնում։


Բայց կան և խոչընդոտներ. Իրանը պահանջում է մինչև բանակցությունները մեղմել իր նկատմամբ պատժամիջոցները, սակայն միևնույն ժամանակ նախատեսում է ավելի ժամանակակից ցենտրիֆուգ տեղադրել՝ ուրանի հարստացման համար։


«Իսկ ի՞նչ, եթե Իրանը պարզապես փորձում է ժամանակ շահել՝ զենք ստեղծելու համար»,-գրում է պարբերականը։


Թերթը Թեհրանին խորհուրդ է տալիս ընդունել ուղիղ բանակցություններ սկսելու առաջարկը, որն արվել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի կողմից, իսկ Վաշինգտոնին առաջարկել է ավելի կոնկրետ քննարկում սկսել։


«Որքան ավելի ժամանակ անցնի, այդքան բարձր կլինի հակամարտության վտանգը»,-եզրափակել է թերթը։