Ուկրաինայի արտգործնախարարը և Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ԼՂ հարցը
Ուկրաինայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Լեոնիդ Կոժարը երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Յան Քելիի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկի հետ:
Ինչպես տեղեկանում ենք կառույցի կայքից, հանդիպման օրակարգում է եղել ԼՂ հակամարտության հարցը: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են անցած շաբաթ Փարիզում (Ֆրանսիա) Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի ու համանախագահների միջև հանդիպման արդյունքները:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ի փարիզյան հանդիպմանը քննարկվել էին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու վերաբերյալ աշխատանքային առաջարկները, որոնք համանախագահները կողմերին ներկայացրել էին 2012թ. հոկտեմբերին, ինչպես նաև մտքեր էին փոխանակվել փոխվստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցառումների շուրջ:
Կոժարը հանդիպմանն ընդգծել է, որ լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանն և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելուն:
«ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից է աշխատել կողմերի հետ` խաղաղ կարգավորման գործընթացը հնարավորին առաջ մղելու համար: Եվ ես կողմերին կոչ եմ անում ցուցաբերել քաղաքական կամք և վճռականություն, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելու համար»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել է 2013թ. հունվարին:










