Բրիտանական Royal Bank of Scotland-ը 615 մլն դոլար տուգանք կվճարի
Բրիտանական Royal Bank of Scotland-ը 615 մլն ԱՄՆ դոլարի տուգանք կվճարի բանկային տոկոսադրույքի հետ կապված մանիպուլյացիաների համար, հաղորդում է Reuters գործակալությունը:
Իսկ քանի որ բանկը մասնակի ազգայնացվել է, մենեջերների խարդախության համար ստիպված է վճարել երկրի կառավարությունը: Հաշվի առնելով Եվրոպական միության ճգնաժամը, պատժամիջոցները Մեծ Բրիտանիայի համար ծանր հոգս կառաջացնեն:
Բրիտանական խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի հանցավոր սխեման բացահայտել են ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ֆինանսական կարգավորողները: Նրանք բանկից 615 մլն ԱՄՆ դոլարի տուգանքի վճարում են պահանջում։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ RBS-ի աշխատակիցները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել:
Royal Bank of Scotland-ի բաժնետոմսերի ավելի քան 80%-ը բրիտանական հարկատուներին է պատկանում: Նման իրավիճակ ստեղծվեց, երբ ճգնաժամի ժամանակ կառավարությունը բանկին օգնության ձեռք մեկնեց, և բանկի փրկության համար 70 մլրդ ԱՄՆ դոլար բյուջետային միջոցներ ուղղվեցին։ Իսկ այժմ ստացվում է, որ բանկի խարդախության համար պետք է կրկին ժողովուրդը վճարի: Բրիտանացիների մեծ մասը կարծում է, որ տուգանքը պետք է վճարվի բանկիրների բոնուսներից, այլ ոչ բյուջեից:
Հիշեցնենք, որ RBS-ը առաջին բրիտանական բանկը չէր, որ նման խարդախությունների էր դիմել: Եվս մեկ բանկ՝ «Բարքլիզը», նույն խարդախության համար արդեն 453 մլն ԱՄՆ դոլար տուգանք է վճարել:










