Ռուսաստանը մտադիր է 100 մլրդ ռուբլով կառուցել սեփական Քեմբրիջը

10:19 • 06.02.13

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ծրագրել է մերձմոսկովյան Դոմոդեդովո շրջանում 100 մլրդ ռուբլով կառուցել կրթամարզական հաստատություն, որը կլինի բրիտանական Քեմբրիջի անալոգային տարբերակը, հայտնում է Газета-ն։

 

Նախատեսվում է, որ այստեղ կտեղափոխվեն տեխնիկական բուհերի ուսանողներ և դասախոսներ, մարզական բժշկության դաշնային կենտրոնը, ինչպես նաև 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության մարզաբազաները։ Ինչպես նշում է «Ъ»-ն, տարածքի մի մասը կտրամադրվի «Գոսֆիլմֆոնդ»-ին ՝ կինոկենտրոնի և կինոհերոսների պուրակի կառուցման համար։

 

Դոմոդեդովոյում Քեմբրիջի անալոգային տարբերակի կառուցման համար կպահանջվի 4 հա տարածք, իսկ ըստ նախնական հաշվարկների՝ կրթական շինությունների և 5 տեխնիկական բուհերի տեղափոխման համար կպահանջվի 45-60 մլրդ ռուբլի։ Բայց քանի որ այդ բուհերից յուրաքանչյուրն ունի պետական կարգավիճակ, ապա այդ նախագծի բոլոր ծախսերը պետք է կատարվեն Ռուսաստանի բյուջեի հաշվին։