«Ժողովուրդ» օրաթերթի դեմ 2-րդ հայցն է ներկայացվել. պահանջում են 6.2 մլն. դրամ

10:41 • 06.02.13

«Ժողովուրդ» օրաթերթը հաղորդագրություն է տարածել առ այն, որ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթի դեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել թվով 2-րդ հայցադիմումը այս անգամ պահանջելով ևս 3 մլն դրամ՝ վիրավորելու և զրպարտելու համար և 200 հազար դրամ՝ փաստաբանների աշխատանքի համար։

 

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը։

 

«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատական արշավ է սկսել «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: Հունվարի 25-ին նրա կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել թվով 2-րդ հայցադիմումը: Այս անգամ ևս օլիգարխն իբր իրեն վիրավորելու և զրպարտելու համար պահանջում է 3 մլն դրամ (ևս 200 հազար՝ փաստաբանների աշխատանքի համար): Փաստորեն, Խաչիկ Խաչատրյանը ընդհանուր հաշվով «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է 6 մլն 200 հազար դրամ: Հիշեցնենք, որ խոսքն այն օլիգարխի մասին է, որն իրեն անցանկալի հարց տալու համար «Ժողովուրդ»-ի թղթակցին անվանել էր «պրաստիտուտկա»՝ պահանջելով դա ևս հրապարակել: Արդյունքում «Ժողովուրդ» օրաթերթը Խաչատրյանի հրապարակային ներողությանը կես ամիս սպասելուց հետո դեկտեմբերի 28-ին հայց ներկայացրեց` գործարարից պահանջելով ներողություն խնդրել և ահա, «Ժողովուրդի» հայցադիմումից 12 օր անց միայն հասկանալով, որ ինքը ևս վիրավորվել է, օլիգարխն իր հերթին միանգամից 2 հայց է ներկայացրել՝ ներողությունից խուսափելու համար:


«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ մինչև վերջ կպայքարի իր արժանապատվությունը արդեն 6 մլն դրամ գնահատող Խաչիկ Խաչատրյանի «դիմակը պատռելու» համար: Կարծում ենք՝ բոլորին էլ հասկանալի է, որ այդ պարոնը խնդիր է դրել խոչընդոտել օրաթերթի բնականոն գործունեությունը: Բայց հատուկ Խաչատրյանի և նրա հովանավորների համար ընդգծենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի տպագրվել անխափան՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները:

 

06.02.2013