Փուչիկների գործով մեղադրյալի պատիժը փոխարինվել է մեկ տարի պայմանական ազատազրկմամբ
Հանրապետության հրապարակում 2012-ի մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական հանդիպման ժամանակ փուչիկների բռնկման առթիվ հարուցված գործով ընդհանուր իրավասության դատարանի կողմից 1 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի պատժի կրումը այսօր Քրեական գործերով վերաքննիչ դատարանը փոխարինել է 1 տարի պայմանական ազատազրկմամբ, այս մասին Tert.am –ին հայտնեց Սերոբ Բոզոյանի փաստաբան Կարեն Մանուչարյանը:
Ի պատասխան հարցի, թե իր կարծիքով՝ ի՞նչը դատավճռի փոփոխության մեջ դեր խաղաց փաստաբանը նշեց՝ «փաստարկները»: Մասնավորապես, այն, որ Սերոբ Բոզոյանը ընդունել է իր մեղքը, տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ, իր խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական և այն, որ ընդհանուր ատյանի դատավճռում հաշվի չեն առնվել ամբաստանյալի մի շարք նյութական և դատավարական իրավունքի նորմեր:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սերոբ Բոզոյանի նկատմամբ դատավճիռ էր կայացրել արագացված դատաքննությունից հետո՝ նրա իսկ միջնորդությամբ: Այսինքն՝ առանց ապացույցների հետազոտության:
Tert.am – ի հետ զրույցում Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, ի պատասխան հարցի, թե դատախազությունը բողոքարկելո՞ւ է վճիռը, ասաց.«Դատավճիռը նոր է հրապարակվել և դեռ ծանոթ չեմ դատախազի դիրքորոշմանը»:
Սերոբ Բոզոյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ ուրախ է դատարանի նոր որոշման համար, քանի որ ինքը արևին ճաղերի հետևից չի նայելու և հնարավորություն է ունենալու կնոջ և երկու անչափահաս երեխաների կողքին մնալ:










