Նժդեհի մասին ֆիլմի դերակատարուհին Պուտինին խնդրել է ԱՄՆ թողնել որոշ ռուսաստանցի որբերի

18:56 • 07.02.13

Հայտնի ռուսաստանցի դերասանուհի և բարերար Չուլպան Խամատովան դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով թողնել, որպեսզի ԱՄՆ գնան ռուսաստանցի այն որբերը, որոնք արդեն իսկ շփվել էին իրենց ապագա ամերիկացի ծնողների հետ, հայտնում է RBC Daily-ն:

 

«Ես չեմ իմանում ում խնդրել, բայց եկեք բացառություն անենք: Թող այդ մայրերը, որոնք 3 տարի փաստաթղթեր են հավաքում և որոնց արդեն սպասում են երեխաները, կարողանան տանել նրանց: Հարգելի նախագահ, հարգելի հասարակություն, եկեք փոքր բացառություն անենք: Մենք այնքան մեծ երկիր ունենք ու հաճախ վատնում ենք կոնկրետ մարդկային ճակատագրեր: Եկեք այս անգամ չվատնենք», - մասնավորապես ասել է դերասանուհին, որի վերջին աշխատանքներից մեկը Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմում է: Այստեղ Խամատովան մարմնավորում է Նժդեհի կնոջը՝ Եփիմեին:

 

Հայտարարությունը հնչել է Մոսկվայում անցկացված կլոր սեղանի շրջանակներում, որին իրենց աջակցությունն են հայտնել նաև այլ մտավորականներ:

Խամատովան նաև «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիրն է: