Մադրիդի կենտրոնում ոստիկանությունը պայթուցիկ սարք է վնասազերծել
Իսպանիայի ոստիկանությունը պայթուցիկ սարք է վնասազերծել, որը տեղադրվել էր Մադրիդի պատմական կենտրոնում գտնվող Ալմուդենայի մայր տաճարի մոտ, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով France Presse գործակալությանը:
Մադիրիդի արքեպիսկոպոսի ներկայացուցչի խոսքով` պայթուցիկ սարքը հայտնաբերվել է տաճարի խոստովանատներից մեկի մոտ՝ աղբամանում: Մահաբեր սարքը նկատել է հոգևորականներից մեկը:
Ոստիկանության տվյալներով՝ շենքում գտնվող մարդիկ տարհանվել են: Դեպքի վայր են ժամանել սակրավորներ, որոնք և վնասազերծել են ռումբը:
Պայթուցիկը բաղկացած էր պայթուցիչից, 200 գրամ վառոդից, մետաղական բալոնից, որի մեջ մեխեր էին լցված և ժամային մեխանիզմից:
Գործակալությունը նշում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:










