«Մա՛հ Ահմադինեժադին». Իրանի նախագահը կրկին հարձակման է ենթարկվել Կահիրեում

12:10 • 08.02.13

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Եգիպտոս կատարած պատմական այցի ընթացքում (նա առաջին իրանցի նախագահն է, ով Եգիպտոս է այցելել 1979թ. ի վեր-Tert.am) երկրորդ անգամ է ենթարկվել հարձակման՝ սիրիական ընդդիմության կողմնակցի կողմից, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով «Ալ-արաբիա»-ին։

 

Ահմադինեժադը ներկա է գտնվել իրանցի դիվանագետներից մեկի տանը կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը, երբ նրա մոտ է վազել ագրեսիվ տրամադրված մի քաղաքացի, որը հասկանալի չէ, թե ինչպես է հայտնվել հյուրերի թվում։

 

Նախագահի թիկնապահներին ու եգիպտական ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանգնեցնել նրան։ Իրանցի առաջնորդը չի տուժել։ Այն մասին, որ ձերբակալվածն ագրեսիվ է տրամադրված եղել նախագահի նկատմամբ, հասկանալի է դարձել նրա իսկ խոսքերից։ Վազելով նախագահի մոտ՝ նա բղավել է.«Մա՛հ Ահմադինեժադին, մա՛հ Ասադին (Սիրիայի նախագահ-Tert.am)»։

 

Թիկնապահները նրա մոտ զենք չեն հայտնաբերել։ Նա տեղափոխվել է եգիպտական ոստիկանության բաժանմունք։ Նրա անվան կամ ազգային պատկանելիության մասին չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Իրանի նախագահը կրկին հարձակման էր ենթարկվել անհայտ անձի կողմից. նրա վրա կոշիկ էին նետել։