Ահմադինեժադն ԱՄՆ-ին կոչ է արել փոխել հռետորաբանությունը
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է փոխի հռետորաբանությունն իր ղեկավարած երկրի հանդեպ, գրում է rbc.ru-ն։
Նա, մասնավորապես, կոչ է արել ճշգրտել տեսակետը Թեհրանի միջուկային ծրագրի նկատմամբ։
Իր այս հայտարարությունը Մահմուդ Ահմադինեժադն արել է Կահիրեում մամուլի ասուլիսի ընթացքում։
Ուշագրավ է, որ Ահմադինեժադի հայտարարությունից մի քանի ժամ առաջ նման հայտարարություն էր արել այաթոլլա Ալի Խամենեին։
Նա նշել էր, որ ԱՄՆ-ն Իրանի հետ խոսում է նրա վրա պատժամիջոցների «ատրճանակը» պարզած։
«Նման բանակցություններն անօգուտ կլինեն, եթե կողմերից մեկը ձեռքում զենք է պահում և պատրաստվում է այն օգտագործել։ Բանակցություններն իմաստ կունենան միայն այն ժամանակ, երբ դրանց հիմքում կլինի փոխադարձ հարգանքը, արդարությունն ու հավասարությունը։ Ամեն ինչ լավ կլինի, եթե Ամերիկան փոխի այն ոճը, որով վերաբերվում է մեզ»,-ասել է Ահմադինեժադը։
Ահմադինեժադի՝ Կահիրե կատարած այցը կարելի է պատմական համարել. նա Իրանի առաջին նախագահն է, ով 1979թ.-ից հետո այցելել է Եգիպտոս։










