Գուրգեն Եղիազարյանը՝ որպես ՍԴՀԿ համակարգող, հայտարարեց, որ իրենք չեն միանա Լևոն Տեր-Պետրոսյանի նոր կուսակցությանը
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» անդամ Գուրգեն Եղիազարյանի համար անակնկալ էր այն, որ առաջիկայում ՀԱԿ-ը պետք է փոխի իր ձևաչափը և վերածվի կուսակցության:
«Մի փոքր խնդիր կա, որ ես ներկայացնում են «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը»: Սա մայր կուսակցություն է և բարոյական իրավունք չունի ոչ մի կուսակցության հետ ձուլվելու: Եթե ՀԱԿ-ը պետք է դառնա մի կուսակցություն, դա այլևս ՀԱԿ չի լինի։ Հաջորդ շաբաթ կլինի ՍԴՀԿ ընդլայնված կենտրոնական վարչության նիստը, որից հետո կկարողանամ լիարժեք պատասխան տալ: Որպես մեր կուսակցության համակարգող կարող եմ ասել, որ մենք չենք միանալու»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթին տված հարցազրույցում նշել էր, որ արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության:
Հիշեցնենք նաև Tert.am-ի հետ զրույցում, որ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտություն չգտավ մեկնաբանել ՀԱԿ-ի վերակազմավորման հարցը, ասելով՝ «Երբ որ համոզվեմ, որ անհրաժեշտություն կա այդ հարցին անդրադառնալ, կանդրադառնամ»։ Իսկ Լյուդմիլա Սարգսյանը, պարզապես շրջանցեց այն միայն շեշտելով, որ՝ «Մենք 125 տարվա կուսակցություն ենք, մի մոռացեք, ուրիշ ոչինչ ասել չեմ կարող»։
Գուրգեն Եղիազարյանն ընդգծեց, որ բոլոր ընդդիմադիր շահագրգիռ կողմերի հետ պետք է մտածեն երկրորդ ընդդիմադիր բևեռը ստեղծելու մասին: Միաժամանակ նա ընդգծեց, որ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի դժվար է լինելու:
«Ես այսօր շատ ընկերների ու քաղաքական գործիչների հետ եմ զրուցել առավոտյան, բոլորը ասում են՝ սա ուղղակի ՀՀՇ-ի ռեանիմացիան է: Բայց ես չգիտեմ, հիմա բան չեմ կարող ասել, կասեմ մեկ շաբաթ հետո: Հակված չեմ սուր քննադատության ենթարկելու Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ շատ եմ հարգում նրան և այս հինգ տարիներին շատ բան եմ սովորել նրանից»,- ասաց նա:
Գուրգեն Եղիազարյանը միաժամանակ ընդգծեց, որ ՀԱԿ-ի կազմաքանդման մասին խոսելը դեռևս շուտ է:










