Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող երկու քաղաքացի. ԱԱԾ (տեսանյութ)
Ս.թ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:
Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը։
Հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:
Նշենք, որ ձերբակալության մասին տեղեկատվություն ավելի վաղ հայտնվել էր հայկական կայքերում։
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Facebook-ի էջում նշվածի կապակցությամբ կատարել էր հետևյալ գրառումը.
«Յունվարի 31-ի հանցագօրծութեան՝ մահափորձի վերաբերեալ ազնիվ հայերի համար լավ լուր ունեմ եւ տխուր լուր՝ դատարկախօս թափթփուկների համար։
Շատ բան ասել չեմ կարող․
ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄԸ ՍԿՍՈՒԱԾ Է։
Կարծում եմ Պաշտօնական տեղեկատվութեուն էլ կլինի։
29 սմ մարմնովս անցնօղ վերքը լավանում է, բայց շարունակում է ցավել եւ մնալ անաշխատունակ աջ ձեռքս։ Գիշերը աչք կպցնելու համար 2 անգամ ցավազրկող եմ սրսկուել որին խիստ դեմ եմ։ Հիմա էլ անտանելի ցավը շարունակւում է։
Լավ լինենք»։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Տպագրիչների փողոցում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ անհայտ անձի կողմից մահափորձ էր կատարվել, որից հետո Հայրիկյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Նախագահի թեկնածուն դեռևս գտնվում է հիվանդանոցում:
ՏեսանյութըTert.am -ին տրամադրել է ԱԱԾ-ն










