ԱՄՆ-ին պատուհասել է «Նեմո» փոթորիկը. հետաձգվել են հազարավոր ավիաչվերթեր

08:45 • 08.02.13

Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով այսօր հետաձգվել են մոտ 4.000 միջազգային և ներքին ավիաչվերթեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ասոշիեյթիդ պրես»-ին հղումով։

 

Մասաչուսեթս, Կոնեկտիկուտ, Նյու Յորք, Իլինոյս նահանգներին հինգշաբթի պատուհասել է սառը ցիկլոնը, որն ուղեկցվել է ձյան տեղումներով։ Ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները, ներառյալ՝ United Airlines, American Airlines, Delta, Jet Blue, Southwest, նախօրեին հայտարարել են ավելի քան 2.000 չվերթերի հետաձգման մասին, այդ թվում՝ միջազգային։ Իսկ այսօր անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվել է 3.940 չվերթ։

 

Այդ նահանգների բնակիչները, որոնք հայտնվել են «Նեմո» անվանված փոթորկի էպիկենտրոնում, սկսել են սննդամթերք գնել և պատրաստվել էլեկտրամատակարարման հնարավոր անջատմանը։

Սպասվում է, որ «Նեմո»-ն կընդգրկվի Նյու Յորքի պատմության ընթացքում ամենահզոր ձյան փոթորիկների տասնյակում։