Մոսկվացի պաշտոնյան ազատվել է աշխատանքից քաղաքի ձյունը Photoshop-ով մաքրելու համար
Մոսկվայի Օրեխովո-Բորիսովո Սևերնոյե շրջանի վարչության պետ Լեոնիդ Բոգատիրյովը հեռացվել է աշխատանքից ճանապարհից ձյունը Photoshop-ով մաքրելու համար, հայտնում է Взгляд-ը:
Համապատասխան հրամանագիր է ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Տուգանվել է նաև համապատասխան ծառայություն իրականացնող ընկերությունը:
Հունվարի վերջին բլոգեր Յուրի Ուրսուն Մոսկվայի իշխանությունների «Մեր քաղաքը» պորտալում բողոք էր թողել հետիոտների ճանապարհի վիճակի մասին, որը ձմռան սկզբից ոչ մի անգամ չէր մաքրվել: Փետրվարի մեկին Բոգատիրյովը պատասխանել էր բլոգերին, որ նշված հասցեում աշխատանքները կատարվել են՝ դա հաստատելով լուսանկարով: Վերջինում բլոգերը նկատել էր Photoshop-ի հետքեր: Պատմությունը մեծ աղմուկ էր հանել:










