Րաֆֆի Հովհաննիսյանը Հրանտ Բագրատյանի հետ թեկնածություն հանելու վերաբերյալ հարց չի քննարկել
ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հավատացած է, որ միայն քաղաքական կոնսոլիդացիայի շնորհիվ կարող են հասնել դե յուրե հաղթանակի:
«Թեկնածուներից Հրանտ Բագրատյանի հետ մենք քննարկել ենք քաղաքական կոնսոլիդացիայի հարցը, և որևէ հարց չի քննարկվել թեկնածություն հանելու վերաբերյալ»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ անդրադառնալով վերջերս մամուլում իր և Բագրատյանի միավորման մասին շրջանառվող տեղեկություններին:
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հովհաննիսյանը Tert.am-ին ասել էր, որ թեկնածուների միավորման մասին Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունում որևէ ակնարկ չի տեսնում: Նշենք նաև, որ ինչպես տեղեկացրել էր «Առավոտ» օրաթերթը, Րաֆֆի Հովհաննիսյանն ակնարկել է, որ միավորվելու են՝ ասելով. «Հայրիկյանի հարցը չենք քննարկել: Քննարկել ենք Հայաստանի ապագան, որ հայ ժողովուրդը մեր միասնական ջանքերով իր հաղթանակը տոնի: Նժարի վրա դրված է մեր երկիրը փոխելու հարցը»:










