Մոսկվայում ձերբակալվել է համացանցի «հերոս» դարձած «Սև սատանան» (տեսանյութ)

11:37 • 08.02.13

Մոսկվայի ոստիկանները (Ռուսաստան) այս գիշեր ձերբակալել են համացանցի ռուսական տիրույթի «աստղ» դարձած կարգազանց վարորդին: Նախօրեին «Սև սատանա» անունով օգտատերը համացանցում էր տարածել տեսանյութ, որում պարծենում էր, թե ինչպես է Մոսկվայի կենտրոնում «մի լավ խախտել» երթևեկության կանոնները:

 

 

«Ես վարորդական իրավունք չունեմ և չեմ էլ ունենալու, քանի որ վարորդական իրավունքն այս երկրում լրացուցիչ խնդիրներ է ստեղծում: Անասելի ադրենալին ստացա, տեսանյութն էլ կարծում եմ ցնցող է, կհավանեք»,-տեսանյութի ներքևի հատվածում գրել էր «Սև սատանան»:

 

 

Իսկ տեսանյութում (նկարահանվել է ավտոմեքենայում տեղադրված տեսախցիկով) երևում է, թե նա ինչպես է խախտում երթևեկության կանոնները. անտեսում է կարմիր լույսը, անթույլատրելի շրջադարձեր է կատարում, անցնում է հանդիպակաց գոտի, չի ենթարկվում պետավտոտեսուչների հրահանգներին, կտրում է «Շտապ օգնության» մեքենայի ճանապարհը և այլն:

 

 

Ինչպես հաղորդում է ռուսական Lifenews.ru կայքը, ոստիկանները պարզել են, որ «չարագործը» 21-ամյա ուսանող Նիկոլայ Մուստաֆինն է և փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը ձերբակալել են: Ոստիկանների խոսքով` երիտասարդը դեռ անցած տարվա նոյեմբերին զրկվել է վարորդական իրավունքից: Հետաքննությունը շարունակվում է: