Նույնիսկ կեղծված ընտրությունների դեպքում, եթե չլինի 2-րդ փուլ, ուրեմն գնում ենք դեպի կործանում. Րաֆֆի Հովհաննիսյան

10:58 • 08.02.13

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կասկած չունի, որ այսօր հայ ժողովուրդն այնպիսի տրամադրության մեջ է, որ եթե լինեն ազատ և արդար ընտրություններ, Հայաստանն այս տարի կունենա նոր նախագահ:


«Անգամ կեղծված ընտրությունների դեպքում, եթե դուք չտեսնեք ընտրությունների երկրորդ փուլ, կարող ենք ասել, որ մենք գնում ենք դեպի կործանում»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ հավատացնելով, որ ժողովուրդն արդեն հաղթել է, և իրենք արդեն հաղթական վիճակի մեջ են:


Միևնույն ժամանակ թեկնածուն նշեց, որ եթե ազատ և արդար ընտրությունների արդյունքում մեկ ուրիշը հաղթի, ինքը կշնորհավորի նրան և կմնա երկրում: «Ես չեմ փախչելու, ես մնալու եմ այդ դաշտում»,- ասաց նա:


Անդրադառնալով տարբեր ընկերությունների կողմից կատարված հարցումներին՝ Հովհաննիսյանը նշեց, որ հարգում է բոլոր հարցումները, ամեն մեկն ունի իր պատվիրատուն, բայց համարում է, որ արդեն առաջին և երկրորդ տեղի խնդիր չկա ու ժողովուրդը կողմնորոշվել է:


«Ես պայծառատես չեմ, բայց կարող եմ ասել, որ հետաձգեն ընտրությունները, թե ոչ, խախտումներ լինեն, թե ոչ, մենք այսօր արդեն անհավասար վիճակի մեջ ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր թեկնածուներն էլ իրենց տեղն ունեն մեր նորագույն պատմության մեջ, բայց դա չի նշանակում, որ իրենք պետք է դուրս մնան ճանապարհից և ճշմարտությունից:


Խոսելով Արցախ կատարած իր այցի մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դրանով ցանկացել է Արցախյան ազատամարտի շարժման 25-ամյակի առիթով հանդիպել արցախցիների հետ և իր շնորհավորանքները փոխանցել նրանց: