Սիրիայի զորքը Հալեպի մոտ ոչնչացնում է ռազմաբազան գրաված խմբավորումները
Սիրիական բանակի զինծառայողներն այսօր ամբողջովին ազատագրել են Հալեպից 15 կմ հեռավորության վրա գտնվող 80-րդ բրիգադի ռազմաբազան, որտեղ տեղակայված է երկրի խոշորագույն ռազմական օդանավակայաններից մեկը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Զորքը կարողացել է ճեղքել այդ ռազմավարական օբյեկտի շուրջ ապստամբների շրջափակումը և չեզոքացնել գրոհայինների կողմից ռազմական արդյունաբերության գործարանները գրավելու վտանգը:
Հալեպի միջազգային օդանավակայանը ռազմական գործողությունների հետևանքով չի տուժել, այնտեղ անվտանգ իրավիճակը պահպանվել է, պնդում են սիրիական լրատվամիջոցները:
Դեպի Հալեպ հավելյալ զորամիավորումներ են ուղղորդվել «քաղաքի արևմտյան հատվածում վտանգավոր զարգացումները կանխելու և վտանգը չեզոքացնելու նպատակով»:
Ներկայում, սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկություններով, իրականացվում է Նեյրաբ - Թուրքան, Թելլ-Արն, Դահաբիլի և Աբու-Սֆեյթա բնակավայրերից հարավ զինյալների ոչնչացումը:
Ապստամբները «կենդանի ուժի և տեխնիկայի խոշոր կորուստներ են կրել, շարքից հանվել են նրանց տրանսպորտային միջոցները», - ասվում է սիրիական ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
Սիրիայի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռազմաբազայի պաշտպանության մարտերում զոհվել է 80-րդ բրիգադի հրամանատարը և նրա տեղակալը: Զոհված զինծառայողների թիվը չի նշվում:
Բանակային հատուկ ջոկատայինները հետապնդում են ահաբեկիչների խմբավորումները Դամասկոսի հարավային և արևելյան արվարձաններում:
Կատաղի մարտերի մասին տեղեկություններ են ստացվում Եփրատի Դեր-եզ-Զոր վարչական կենտրոնից: Այդ քաղաքի արվարձանները դեռ շաբաթվա սկզբին գրավվել էին «Մուհամմեդի թոռների գումարտակներ» խմբավորումների գորհայինների կողմից:










