Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 15-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Պրիիտ Տուրկի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակություն է հայտնել, որ հայ-էստոնական հարաբերությունները դրական հունով են ընթանում և այդ փոխգործակցության ակտիվացման համար կարևորել է երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: Նա տեղեկացրել է, որ Ազգային ժողովում արդեն ձևավորվել է հայ-էստոնական բարեկամական խումբ: Միաժամանակ նշել է, որ հրավիրել է իր էստոնացի գործընկերներին՝ այցելելու Հայաստան և համատեղ քննարկելու երկու խորհրդարանների համագործակցության հեռանկարները: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է ԱԺ նախագահի այցը Լատվիա և Էստոնիա, ինչը լավ հիմքեր կստեղծի հայ-էստոնական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացման համար:
ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ կարևորվել է երկու երկրների՝ տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: Նա տեղեկացրել է, որ մայիսի 1-5-ը նախատեսվում է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը Երևան: Գարնանը Հայաստան կայցելի նաև Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը:
Անդրադառնալով ԵՄ-ին ինտեգրմանն ուղղված Հայաստանի քայլերին՝ դեսպանն արձանագրել է, որ այդ բանակցություններում Հայաստանը Վրաստանի և Մոլդովայի հետ առաջամարտիկներից է, ինչը Էստոնիայի իշխանությունները ողջունում են և պատրաստակամություն հայտնում աջակցելու այդ գործընթացների էլ ավելի զարգացմանը: Նա առաջարկել է օգտվել Էստոնիայում գործող արևելյան գործընկերության կենտրոնի ընձեռած հնարավորությունից: Կենտրոնը հայ գործընկերներին օգտակար կարող է լինել փորձի փոխանակության, մասնագետների վերապատրաստման ու ուսուցման ասպարեզներում:
ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի՝ համակարգային ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերը ինքնանպատակ չեն: «Այն միանգամայն բխում է մեր ժողովրդի շահերից ու մեր երկրի զարգացման հեռանկարից», - ասել է Էդուարդ Շարմազանովը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Էստոնիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշման և խնդիրը Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծմանն աջակցելու համար՝ նշելով, որ ԼՂՀ ապագան պետք է որոշեն արցախցիները:
Դեսպանն իր հերթին վերահաստատել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև առաջիկա նախագահական ընտրություններին՝ հավաստիացնելով, որ երկրի իշխանություններն անում են առավելագույնը ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու համար՝ շատ լավ հասկանալով, որ այն լինելու է երկրում անշրջելի ժողովրդավարության կարևորագույն պայմաններից մեկը:
Կողմերը կարևորել են երկկողմ ձևաչափով և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումն ու դրան ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում:










