Սիրիայում հակամարտության կարգավորման քաղաքական հեռանկար դեռևս չկա. Բան Կի Մուն
Սիրիայում հակամարտությունը շարունակվում է՝ առանց քաղաքական կարգավորման հեռանկարների. նման տեսակետ է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացում։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, վերջին գնահատականներով՝ Սիրիայում իրավիճակը ողբերգական է։ Նա հիշեցրել է, որ մինչ այժմ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 70.000 մարդ։
«ՄԱԿ-ն աջակցում է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ ալ-Խաթիբի առաջարկին՝ սիրիական իշխանությունների հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Այդ առիթը բաց թողնել չի կարելի»,-ասել է Բան Կի Մունը։
Նա նաև ողջունել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Մերձավոր Արևելք այցելելու մտադրությունը։
Քերին իր հերթին նշել է, որ մտադիր է մոտ ապագայում ստիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին քայլեր ձեռնարկել զինյալ հակամարտության դադարեցման ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Վիկտորիա Նուլանդն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հաստատել է, որ Քերին և Բան Կի Մունն անհանգստություն են հայտնել Ասադի ռեժիմին Ռուսաստանի աջակցության կապակցությամբ։
Նուլանդը նաև նշել է, որ ամերիկյան կառավարությունը ողջունում և աջակցում է ալ-Խաթիբի առաջարկին և Քերին կցանկանար, որ Ռուսաստանը ևս աջակցի սիրիական ընդդիմադիր կոալիցիայի անդամներին։










