Դինքին Էրհան Թունջելն ու ես էինք սպանելու. գաղտնի վկա

12:52 • 15.02.13

Հրանտ Դինքի սպանության գործով վերջերս հայտնված գաղտնի վկայի՝ դատարան ուղարկած նամակի մանրամասները հայտնի են դարձել «Ռադիկալ» օրաթերթին։

 

Վկան պնդել է, որ սպանությունը պետք է ինքն իրականացներ՝ Դինքի գործով կասկածյալ, հետագայում արդարացված Էրհան Թունջելի հետ միասին։


Այժմ մեկ այլ սպանության համար բանտում գտնվող վկան «Էրգենեկոն-Քարադենիզ» խմբավորման մասին տեղեկություններ է տրամադրել և պնդել է, որ ինքն էլ ժանդարմերիայի գաղտնի հետախույզներից է եղել։

 

Նա պնդել է, որ այն զենքը, որով սպանել են Հրանտ Դինքին, և այն զենքը, որով ինքն է սպանություն գործել, նույն վարպետն է պատրաստել։


«Ռադիկալ»-ի ներկայացրած նամակի մանրամասներն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2006 թ.-ի հունիսին Ստամբուլի ժանդարմերիայի երկու պաշտոնյաների կողմից ինքնաթիռով Տրապիզոն եմ ուղարկվել։ Պետական պաշտոնյաների միջնորդությամբ հանդիպել եմ Էրհան Թունջելի հետ։


Թունջելի հետ խոսեցինք սպանության մասին, սակայն չհստակեցրինք, թե ում դեմ է լինելու այն։ Էրհանն Արդեշենի ոստիկանատանը տարբեր մարդկանց հետ էր խոսում, ավելի ուշ՝ ավտոբուսով միասին Ստամբուլ վերադարձանք։

Ստամբուլում գնացինք կղզու վրա գտնվող Այա Յորգի եկեղեցին։ Դինքից առաջ թիրախ էր ընտրվել եկեղեցու հույն քահանան։ Հետազոտեցինք տեղանքը, լուսանկարներ արեցինք։ Կղզու տարբեր կողմերը գնացինք՝ տեսնելու, թե սպանության ակտից հետո ինչպես կարող ենք փախչել։ Էրհանն ասաց, որ դա պետք է տեղի ունենա կամ ապրիլի 23-ին, կամ սեպտեմբերի 29-ին։ Երբ հարցրի, թե ինչու, Էրհանն ասաց, որ այդ օրերին պատարագ է տեղի ունենալու, փախչել ավելի հեշտ կլինի, իսկ սպանությունն ավելի մեծ աղմուկ կբարձրացնի։

 

Վերադարձի համար շոգենավ նստեցինք։ Էրհանը, Տրապիզոնում սպանված քահանա Սանթորոյին նկատի ունենալով, ասաց. «Նրան էլ ենք մենք թաղել»։



Էրհանի ձեռքին թղթապանակ կար, որ ժամանակ առ ժամանակ բացում էր։ Դրանում Աքըն Բիրդալի (քրդամետ թուրք գործիչ- Tert.am) լուսանկարը տեսա։ Այլ էջերում տարբեր փողոցների լուսանկարներ էին։ Քանի որ հետախույզ եմ, հասկացա, որ մեկ այլ մահափորձի նախագիծ ևս կա։



Դինքի սպանությունն Էրհանն ու ես էինք անելու։ Երեք հետախույզներ հետևելու էին։ Այդ ժամանակահատվածում ես ոստիկանության հետախույզ էի։ Սպանությունից հետո Էրհանին և ինձ հետախույզների ուղեկցությամբ տեղափոխելու էին Արդվին, ապա Վրաստան, որտեղից էլ անցնելու էինք Ռուսաստան։

 

Դեպքի վայրում եղած ապացույցները, հեռախոսների ազդանշանները և տեսախցիկների ձայնագրությունները ոչնչացվելու էին։ Սպանության նպատակը լինելու էր ազգային փոքրամասնոնւթյուններին և Թուրքիայի Հանրապետությանը վնաս տվողների, այս երկրի հացն ուտելով դավաճանող թուրքերի թշնամիներին մեսիջ հղելը։

 

Դեպքից առաջ Էրհանի՝ Դինքին սպանելու համար ինձ տված զենքով ուրիշ մարդու սպանեցի։ Դինքի սպանության զենքն ու այդ զենքը նույն մարդու կողմից է պատրաստված»։

 

Պարբերականը տեղեկացնում է, որ վկան նշել է, թե Դինքի սպանությունը կազմակերպել է այն խմբավորումը, որի անդամ են եղել ինքը և Էրհան Թունջելը, և նշել է խմբավորման այլ անդամների անուններ։ Նրանց թվում զինվորական և քաղաքացիական անձինք կան։