Բակո Սահակյանն ընդերքի օգտագործման թեմայով խորհրդակցություն է անցկացրել

14:22 • 15.02.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտում 2012–ին իրականացված աշխատանքներին և 2013-ի անելիքներին, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը, երկրաբանահետախուզական և լեռնահանքային ձեռնարկությունների ղեկավարները և պատասխանատու աշխատողներ:


Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը մեր տնտեսության ամենաերիտասարդ, բայց ռազմավարական ու հեռանկարային ճյուղերից է, որն ունի խոստումնալից հնարավորություններ` դառնալու տնտեսության շարժիչ ուժն ու զբաղվածության կարևոր աղբյուրներից մեկը և արդեն իսկ ապահովում է արդյունաբերական արտադրանքի ու պետական բյուջեի ընդհանուր մուտքերի պատկառելի մասը:


Ըստ նրա՝ վերջին տարիներին բավական աճել են ոլորտում իրականացվող կապիտալ ներդրումների ծավալները ինչպես պետական բյուջեի, այնպես էլ մասնավոր հատվածի հաշվին՝ կարևոր համարելով ոլորտում մենաշնորհային դրսևորումների բացակայությունը, ինչը խթանում է առողջ մրցակցությունը և տնտեսության դինամիկ զարգացումը:


ԼՂՀ նախագան ընդգծել է, որ հանքարդյունաբերության զարգացումը պետք է ընթանա բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության նորմերի խստիվ պահպանությամբ:


Բակո Սահակյանը շեշտել է, որ և ընդերքը, և բնությունը Արցախի հարստությունն են, և մեկի զարգացումը չպետք է լինի մյուսի հաշվին՝ հավելելով, որ ապագա սերունդներին պետք է թողնել առողջ շրջակա միջավայր և դինամիկ զարգացող տնտեսություն:


ԼՂՀ նախագահը անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին ու անելիքներին և համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:


Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, լեռնահանքային ոլորտի ներկայացուցիչներ, անվանի մասնագետներ Հայաստանից և արտերկրից, պաշտոնատար այլ անձինք: