Պուտինից հետո. «Ազատություն» ռադիոկայանի անդրադարձը ՌԴ նախագահի հնարավոր ժառանգորդի մասին
«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը ծավալուն անդրադարձ է կատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր ժառանգորդի ընտրության և այդ հարցում Պուտինի վարքագծում այդ ուղղությամբ արդեն իսկ նկատվող որոշ գործողությունների թեմային։ «Լեոնիդ Բրեժնևն արեց դա։ Բորիս Ելցինը արեց դա։ Արդյո՞ք նույնը անում է Վլադիմիր Պուտինը»,– այսպիսի հարցադրումով է իր հոդվածը սկսում ռադիոկայանի վերլուծաբան տեսաբան Բրայն Ուիթմորը՝ այնուհետև շարունակելով. «Կրեմլում շարունակականության սևեռուն գաղափարով են բռնված։ Նրանք անհանգստանում են դրանով։ Նրանք ակտիվորեն փորձում են գլուխ բերել դա»։
Այդ կապակցությամբ հեղինակը հիշեցնում է, որ ուշ բրեժնևյան տարիներին խորհրդային վերնախավի վերին էշելոնները, մտահոգված իրենց վախճանով՝ ակտիվորեն լծվել էին ավելի երիտասարդ կադի առաջխաղավման գործին, որի վրա հաջորդ սերունդը կարող էր հենվել։ Հենց այդ գործընթացների շնորհիվ էլ Կրեմլում հայտնվեց Միխայիլ Գորբաչյովը։ Եվ իր նախագահության օրոք տարիքն առնող Ելցինը խաղաց մի շարք պոտենցիալ ժառանգորդների հետ՝ ի վերջո կանգ առնելով Պուտինի վրա։
«Ուրեմն, մտածե՞լ են արդյոք Պուտինը և նրա շրջապատը «Պուտինից հետո» կյանքի մասին», - հռետորական հարց է բարձրացնում տեսաբան լրագրողը:
«Պուտինը մտածում է մի խումբ ձևավորելու մասին, որից նա պետք է ընտրի նոր առաջնորդին: Բարդությունը նրանում է, որ նախագահը դեռևս չի որոշել, ուզում է արդյոք հետնորդին տեսնել 2018թ., թե նրա անհրաժեշտությունը կզգա 2024-ին: Երկրորդ դեպքում, իհարկե, խնդիրներ կլինեն: Դժվար կլինի հավատարիմ հետնորդների շրջանակը 12 տարի անընդմեջ պահել», - վստահություն է հայտնել ռուսաստանցի հայտնի վերլուծաբան և քաղտեխնոլոգ Գլեբ Պովլովսկին:
Հոդվածի հեղինակը եզրակացնում է, որ ներկայիս վարչապետը դժվար թե նորից նախագահ դառնա: «ՌԴ յուրաքանչյուր քաղաքացու համար ակնհայտ է, որ Դմիտրի Մեդվեդևը` մարած ֆիգուր է, ում թույլ լինելը բոլորը հասկանում են», - քաղաքագետ Պավել Սվյատենկովիի խոսքերն են մեջբերվում:
Եթե Մեդվեդևին «ձևական» վարչապետով փոխարինեն, օրինակ, Միխաիլ Ֆրադկովով կամ Վիկտոր Զուբկովով, դա կնշանակի, որ Պուտինը դեռ ընտրանքը չի հստակեցրել: Սակայն եթե այդ պաշտոնին «իրական ծանրաքաշ նշանակվի, այդ գործիչը աներկբաորեն կհամարվի նախագահի հաջորդ թեկնածու», - գրում է հոդվածի հեղինակը:
«Իրական ծանրաքաշների» ցանկում վերլուծաբանը ներառել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին և ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
Պուտինը մարյաքաղաքի քաղաքապետի հուսալիության վրա չի կասկածում: Բացի այդ, քաղաքապետը ունակ է նաև ընդդիմությանը գոհացնել:
Սակայն ԱԻՆ-ի նախկին ղեկավարը ևս վատ շանսեր չունի: «Պաշտպանության նախարարը երեք ամսվա ընթացքում դարձավ ոչ միայն մեծ ժողովրդականություն վայելող գործիչ: Նա նույնիսկ արագորեն հասնում է վարչապետին այդ ցուցանիշով: Վաղ թե ուշ Կրեմլը ընտրանքի առաջ կկանգնի. օգտագործել Շոյգուի փառքը, թե նրան հեռացնել հարթակից», - նշում է քաղաքագետ Պավել Սվյատենկովը:
Անկասկած, այսօրվա հավանական ցանկացած փոխարինող, վաղը կարող է մեկուսացվել, սակայն շարունակականության մասին բոլոր նման խոսակցությունները, ըստ Ուիթմորի, ընթանում են, ոչ թե որ Պուտինը դա տեղին է համարում, այլ քանի որ այդպես են կարծում իշխող էլիտայի նրա գործընկերները:
«Դժվեր է ենթադրել, որ Պուտինը արդեն ակտիվորեն մտածում է, թե իր հեռանալու ժամանակն է... Պետության ներսում այլ գործիչներ են հողը ստուգում և խոսակցություններ վարում իրավահաջորդության մասին՝ այդկերպ Պուտինին ազդարարելով, որ նա իսկապես պետք է մտածի այդ ուղղությամբ: Հակառակ դեպքում նրա փոխարեն ուրիշները դա կանեն... Դա վկայում է այն մասին, որ մարդիկ արդեն գիտակցում են, որ Պուտինը, արդեն այն Պուտինը չէ:
Նա կորցրել է նախկին ճարպկությունը: Եվ դա դառնում է մի մարգարեություն, որը ինքնին իրականանում է: Որքան ավելի են խոսում իրավահաջորդության մասին, այնքանով ավելի թուլանում է Պուտինի դիրքը», - նյու-յորքյան համալսարանի պրոֆեսոր Մարկ Գալեոտտիին է մեջբերում ռադիոկայանը:










