«Ռոսկոսմոս»-ը հաստատել է Ուրալում երկնաքարի ընկնելը
Ռուսաստանի Դաշնության տիեզերական գործակալությունը հաստատել է, որ Ուրալում այսօր ընկել է ոչ թե տեխնածին օբյեկտ, այլ երկնաքար։ Ինչպես հաղորդում է «Վզգլյադ»-ը, այս մասին հայտնել են «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունից։
«Փետրվարի 15-ին Չելյաբինսկ քաղաքի տարածքում գրանցվել է տիեզերական օբյեկտի անկում։ Նախնական գնահատականով՝ դա տեխնածին օբյեկտ չէ, այլ երկնաքար է»,- ասվում է գործակալության կայքում։
Չելյաբինսկի մարզում երկնաքարի բեկորների ընկնելու հետևանքով, վերջին տվյալների համաձայն, տուժել է ավելի քան 550 մարդ, այդ թվում ՝ երեխաներ։
Այս միջադեպը կասկածի տակ է առել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ասելով, որ «դա եղել է ոչ թե երկնաքար, այլ զենքի փորձարկում՝ ամերիկացիների կողմից»։










