Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հայկական եկեղեցու մոտ ակցիա է կազմակերպել՝ ընդդեմ կանանց դեմ բռնությունների

14:11 • 15.02.13

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայկական եկեղեցու մոտ պարել են՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով ընդդեմ կանանց դեմ բռնությունների, տեղեկացնում է Sondakika կայքը։

 

Ակցիան տեղի է ունեցել Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ։ Ակցիայի մասնակիցները տեղեկացրել են, որ վայրի ընտրությունը պայմանավորված է եղել վերջին երկու ամիսների ընթացքում տարեց հայ կանանց դեմ Սամաթիա թաղամասում բռնարարքներով, որոնք էթնիկ հիմք են ունեցել։

 

Ցուցարարները «Մի՛ լռիր, պարի՛ր», «Կանանց դեմ բռնություններին ո՛չ», «Վե՛րջ կանանց դեմ բռնությանը» պաստառներ են պարզել, ապա շուրջպար բռնել և հույների ավանդական շուրջպարերից մեկը պարել։

 

«Այս միջոցառման նպատակը կանանց դեմ բռնության սխալ լինելը ցույց տալն է։ Ինչո՞ւ ենք այսօր հավաքվել Սամաթիայում։ Անցնող օրերի ընթացքում այստեղ տարեց կանանց դեմ բռնություններ տեղի ունեցան, որոնցից մեկը մահվան ելք ունեցավ։ Այդ պատճառով մենք հավաքվել ենք Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ, որ աջակցենք մեր համերկրացիներին»,-ասել է կուսակցության Ստամբուլի տարածքային կառույցի ղեկավար Սալըջըն։