Երկիրը լավագույնս կարող է ղեկավարել Սերժ Սարգսյանը. Մերուժան Տեր-Գուլանյան
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը առաջիկա նախագահական ընտրություններին իր ձայնը տալու է Սերժ Սարգսյանին, քանի որ համոզված է, որ երկիրը լավագույնս կղեկավարի հենց գործող նախագահը։
«Որովհետև բոլոր թեկնածուների մեջ միակ մարդն է իմ կարծիքով, որն իր կենսափորձով, իր կյանքով ապացուցել է, թե ինքը կարող է լավագույնս երկիր ղեկավարել՝ առաջիկայում ավելի, որոշ կապանքներից ձերբազատվելով և տանել այնտեղ, ուր որ ուզում ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Թե ինչ կապանքներից պետք է Սերժ Սարգսյանը ձերբազատվի, հրապարակախոսը նշեց, որ նկատ ունի, որ գործող նախագահը հետևողական լինի իր իսկ ընդունած որոշումներում։
«Այն որոշումերը, որ կայացնում է նախագահը, երբեմն իջնելով երկրորդ, երրորդ սեղաններին, սկսում են ձևախողվել։ Այս վերջին տարիների մասին եմ խոսում։ Նախագահը պետք է վերընտրվելու դեպքում հետևի մինչև վերջ դրան և այդ սեղաններին նստեն այնպիսի մարդիկ, որպեսզի նրանք չփոշիացնեն կամ այն, ինչ որոշում է երկրի նախագահը»,- այսպես փորձեց ներկայացնել նա։
Բացի այդ, ըստ բանախոսի, ժամանակն է, որ «չինովնիկական կյանքում սերնդափոխություն տեղի ունենա»։ «Նոր մարդիկ պիտի գան, ազատ մտածող մարդիկ և հարգեն երկրի օրենքը: Այդ փոփոխություները պետք է անի»,- ընդգծեց նա:
Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ երկիրը չի կառուցվում ոչ մեկ տարում ոչ էլ 20. «Դժվար է երկիր կառուցելու ճանապարհը և մենք էլ պետք է դա հասկանանք»։
Միաժամանակ նա նկատեց, որ պետք է նախագահների թեկանծուներին հարգել. «Խոսքս նրանց մասին է, որ ասելիք ունեն, ինչ անենք, որ չեն ընտրվելու նախագահ, խոսքս նրանց մասին չի, ովքեր անհասկանալի բանաձևեր են առաջարկում, մի տեսակ ծիծաղելի դառնում»:
Իսկ այդ թեկնածուները, նրա կարծիքով, բոլորովին էլ չեն ստվերում ընտրությունները։ «Ի՞նչ կա որ, եթե նրանք ավելորդ 8 մլն դրամ ունեն, թող մասնակցեն, իրենց գործն է»,– ասաց նա։
Ի դեպ, հրապարակախոսը նկատել է, այս ընտրություններին, վերջապես, նկատելի է ազատ խոսքը։ «Ազատ խոսքն ուղղակի հորձանք է տալիս։ Տարիներ շարունակ պայքարել ենք դրա համար»,– ասաց նա՝ ավելացնելով, որ նախորդ ոչ մի ընտրության ժամանակ նախընտրական քարոզչությունը ազատ խոսքի, մտքի այսպիսի դաշտ չստեղծեցին։










