Մուբարաքի նախկին պաշտոնյաները Եգիպտոսի բյուջե ավելի քան 175 մլն ԱՄՆ դոլար են վերադարձրել
Այս տարվա հունվարից Եգիպտոսի գանձարան է վերադարձվել ավելի քան 175 մլն ԱՄՆ դոլար, որոնք անօրինական կերպով յուրացրել էին Հոսնի Մուբարաքի կառավարման շրջանի պաշտոնյաներն ու գործարարները: Այս մասին այսօր հայտարարել է եգիպտական դատախազության ֆինանսական հանցավորության վարչության ղեկավար Մուստաֆա ալ-Հուսեյնը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Ֆինանսական խարդախությունների և կոռուպցիայի գործերով անցնող նախկին պաշտոնյաների և գործարարների հետ իշխանությունների հաշտեցման քաղաքականության արդյունքում` դատական հետապնդումները դադարեցնելու դիմաց, եգիպտական գանձարան է վերադարձվել մոտ 1 միլիարդ եգիպտական ֆունտ (ավելի քան 175 մլն ԱՄՆ դոլար) և 25 մլն դոլար»,- ասել է ալ-Հուսեյնը:
Բացի այդ, իրավապահի խոսքով` պետական սեփականության են փոխանցվել «երկրի տարբեր հատվածներում, հիմնականում` զբոսաշրջային և հանգստավայրային գոտիներում և եգիպտական խոշոր քաղաքների շքեղ հատվածներում գտնվող հարյուր հազարավոր քառակուսի մետր հողատարածքներ»: Դրանք յուրացվել էին պետապարատի նախկին աշխատակիցների, գործարարների և նախկին նախագահի մտերիմ շրջապատի կողմից:
Ներկայում, ինչպես նշել է ալ-Հուսեյնը, դատախազության վարույթում են գտնվում տասնյակ նման գործեր, ըստ որոնց, պետությանը հասցված վնասի ընդհանուր չափը միլիարդավոր դոլարների է հասնում:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի կեսերին եգիպտական դատախազությունը համաձայնվել էր մի քանի նախկին պաշտոնյաների և խոշոր գործարարների առաջարկին` փոխհատուցել պետությանը հասցված վնասը, որի փոխարեն կդադարեցվեն նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը:










