Բակո Սահակյանը մասնակցել է դատախազության 2012–ի գործունեության ամփոփման կոլեգիայի նիստին

16:51 • 16.02.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է դատախազության 2012 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, կառույցի պատասխանատու ներկայացուցիչներ:

Բակո Սահակյանը դրական է գնահատել հաշվետու ժամանակահատվածում դատախազության կողմից կատարված աշխատանքները՝ շեշտելով, որ կառույցի և այլ ուժային մարմինների աշխատանքի շնորհիվ է մեր հանրապետությունում ապահովվել ակտիվ պայքարը հանցավորության և այլ բացասական երևույթների դեմ, պատշաճ մակարդակով պահպանվել հասարակական կարգը, որի արդյունքում Արցախում հանցավորության մակարդակը մի քանի անգամ ավելի ցածր է, քան համաշխարհային ցուցանիշները:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դատախազության գործունեությունում արձանագրված դրական դինամիկան պահպանելու և էլ ավելի բարելավելու համար դեռևս կան շատ անելիքներ՝ հավելելով, որ համակարգն ունի բոլոր հնարավորությունները իր գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման համար:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ ԼՂՀ իշխանություններն այսուհետ էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն համակարգի աշխատողների սոցիալական և աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: