Ընտրություններից հետո վարչապետը չի փոխվի, բայց գործադիրում փոփոխություն կլինի. Սամվել Նիկոյան

19:20 • 16.02.13

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից հետո վարչապետ Տիգրան Սարգսյան կմնա իր պաշտոնում, բայց նախարարական կազմում, անպայման, փոփոխություններ կլինեն:


«Ընտրությունից հետո համաձայն Սահմանադրության՝ Կառավարությունը հրաժարական է տալիս և ձևավորվում է նոր Կառավարություն, այսինքն՝ նախագահը նշանակում է նոր վարչապետ և ձևավորվում է նոր Կառավարություն: Դա Սահմանադրության պահանջն է, և կարող է նոր Կառավարությունը նորացված լինի, հնարավոր է շատ նորացված լինի և կարող է նաև լինեն նույն մարդիկ: Բայց իմ կարծիքով, որ փոփոխություն կկրի՝ դա միանշանակ է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


Վարչապետի փոփոխություն, նրա կարծիքով, չի լինի: «Վարչապետն իր առջև դրված խնդիրները կատարել է և նա կշարունակի ձևավորել նոր Կառավարությունը: Ես իմ տեսակետը արտահայտում եմ նախագահի հրապարակային հանձնարության վրա, երբ նշվեց, որ Կառավարության առջև դնում ենք խնդիր, որ ապահովվի 7% տնտեսական աճ»,- նշեց նա և ավելացրեց, որ վարչապետն ապահովել է այդ աճը:


Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Սամվել Նիկոյանը ընտրություններից հետո կղեկավարի որևէ նախարարություն, ՀՀԿ–ական պատգամավորը վաղ համարեց դրա մասին խոսել: «Դեռ վաղ է դրա մասին խոսել, առջևում ընտրություններ են և մենք դեռ պետք է նորմալ կերպով անցկացնենք դրանք: Օրը կգա, բարին էլ հետը»,- նշեց նա:
Սամվել Նիկոյանն անդրադարձավ նաև իր քաղաքական պասիվ կարգավիճակի մասին խոսակցություններին, թե՛ ԱԺ-ում, թե՛ կուսակցությունում և հավաստիացեց, որ դա թյուր կարծիք է:


«Շատ սխալ են ասել, բոլոր քվեարկություններին մասնակցել եմ, ուրիշ բան է, որ օրվա ընթացքում ես իմ աշխատասենյակից եմ հետևում նիստերի ընթացին: Ես կուսակցության ղեկավար մարմնի անդամ եմ՝ խորհրդի և գործադիր մարմնի անդամ: Որոշ մարդկանց թվում է, թե պասիվ եմ, բայց ես ակտիվ եմ, ունեմ գործառույթներ և կատարում եմ դրանք: Բնականաբար, ես ինքս եմ որոշում այն մարտավարությունը և ըստ այդմ էլ ծավալում գործունեություն»,- եզրափակեց Սամվել Նիկոյանը: