Ստրասբուրգում հազարավոր քրդեր պահանջում են ազատ արձակել Օջալանին
Տասնյակ հազարավոր քրդեր այսօր դուրս են եկել Ֆրանսիայի արևելքում գտնվող Ստրասբուրգ քաղաքի փողոցներ,հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Ցուցարարները պահանջում են Թուրքիայի բանտից ազատել Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին և ֆրանսիական իշխանություններից խնդրում են «արդարություն» ցուցաբերել հունվարի սկզբին Փարիզում սպանված 3 քուրդ ակտիվիստների հարցում:
Ցույցին մասնակցել են մի շարք երկրներից եկած քրդեր, այդ թվում նաև Գերմանիայից և Բենիլյուքսի երկրներից: Ցուցարարները կրել են «Ազատ Քուրդիստան» գրություններով պաստառներ, Օջալանի մեծ լուսանկարները, իսկ հազարավոր կանայք` մահացած քուրդ ակտիվիստների նկարներով սպիտակ վերնաշապիկներ:
Ըստ տարբեր տեղեկությունների` ցույցերին մասնակցել է 10.000-45.000 մարդ: Ցույցը խաղաղ բնույթ է կրել:










