Մենք հույս ունենք, որ ընտրությունները կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան. ԱՊՀ դիտորդ

17:59 • 17.02.13

Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպեց Հայաստանում վաղը կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատգամավորների հետ, որից հետո պատգամավորները հանդիպեցին լրագրողների հետ:


Խմբի կոորդինատոր, Մոլդովայի հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ստոյանոգլոն նշեց, որ մեկ ամսվա ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը անցկացնում է ՀՀ նախագահի ընտրությունների երկարատև դիտարկում: Նա ընդգծեց, որ դիտարկումը շարունակելու են նաև վաղը տարբեր ընտրատեղամասերում ավելի քան 20 հոգուց բաղկացած խմբով: «Մենք հույս ունենք, որ ընտրությունները կանցնեն սահմանադրության և միջազգային չափանիշներին համապատասխան»,-ասաց նա:


ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը նշեց, որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը համապատասխանում է միջազգային նորմերին այնպես, ինչպես ԱՊՀ ցանկացած երկրինը: «Վերջին տարիներին համագործակից բոլոր երկրների Ընտրական օրենսգրքերը արդիականացվել են, սակայն որոշ նրբերանգային տարբերություններ կան: Ինչ-որ մեկը վեբ-տեսախցիկներ է տեղադրում բոլոր ընտրատեղամասերում, մյուսը՝ ոչ, մեկը թափանցիկ քվեատուփեր է տեղադրում, մյուս՝ ոչ թափանցիկ: Նման նրբերանգային տարբերություններ կան, բայց հիմնական սկզբունքները բոլոր երկրներում համապատասխանում են միջազգային եվրոպական չափանիշներին»,-ասաց նա:


Նշենք, որ վաղը՝ ՀՀ նախագահի ընտրությունների օրը Հայաստանում դիտորդական առաքելություն կիրականացնեն 5 միջազգային և 21 տեղական կազմակերպություններ: