Նիցցայում սկսվել է ամենամյա կառնավալը (լուսանկարներ)

12:46 • 17.02.13

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում սկսվել է ամենամյա կառնավալը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Աշխարհի ամենախոշոր զգեստավորված երթը ավանդաբար անցկացվում է ձմռան վերջին և երկու շաբաթվա ընթացքում լցնում է քաղաքն աննկարագրելի ուրախությամբ։


Այս տարի Նիցցայի կառնավալը տոնում է իր 140-ամյակը։ Լուրջ տարեթիվ է, սակայն, ինչպես ասվում է, դա միայն «անձնագրով» է։ Իրականում Նիցցայում տեղի ունեցած առաջին դիմակահանդեսի մասին հիշատակվում է 1294թ., իսկ իր ներկայիս տեսքով զգեստավորված երթն անցկացվում է 1873թ.-ից։


Կառնավալի գլխավոր իրադարձությունը, իհարկե, Նիցցայի գլխավոր փողոցով հսկայական տիկնիկներով բազմաթիվ կառքերի երթն է։ Սակայն կառնավալի ամենագունագեղ մասը, այսպես կոչված, «ծաղիկների պատերազմն» է, երբ գեղեցիկ աղջիկները տասնյակ հազարավոր թարմ ծաղիկներ  նետում են քաղաքի փողոցներում՝ ազդարարելով գարնան սկիզբը։


Տոնի ընթացքում քաղաք է այցելում առնվազն 1 մլն հադիսատես, ընդ որում՝ ոչ միայն Ֆրանսիայից, այլև ամբողջ Եվրոպայից։
Նիցցայի տոնակատարությունը կավարտվի մարտի 6-ին՝ կառնավալի թագավորի կերպարի այրմամբ և հսկայական հրավառությամբ։