Բարաք Օբաման ներգաղթյալներին ութ տարի կհատկացնի իրենց կարգավիճակն օրինականացնելու համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մշակել է օրինագիծ, որը թույլ է տալիս անօրինական ներգաղթյալներին օրինական կարգավիճակ ստանալ, եթե նրանք սովորեն լեզուն և հետևեն մի շարք պահանջների, հայտնում է Лента-ն։
Փաստաթղթի սևագիրը Սպիտակ տնից փոխանցվել է USA Today պարբերականին անանության պայմանով։
Բացի այդ, օրինագիծը թույլ կտա անօրինական ներգաղթյալներին հայց ներկայացնել նոր տեսակի «Lawful Prospective Immigrant» («Ապագայում օրինական ներգաղթյալ») անցագրի համար և նրանց կհատկացվի հասանելիություն դեպի ապահովագրական հիմնադրամը։
Օրինական կարգավիճակին կարող են հավակնել ոչ միայն ներգաղթյալները, այլև նրանց օրինական ամուսինները և երեխաները։
Նոր տեսակի անցագիր ստանալու և ԱՄՆ-ում բնակությունը օրինականացնելու համար ներգաղթյալները պետք է անցնեն քրեական անցյալի ստուգում, ներկայացնեն կենսաչափական տեղեկություն և տուրք վճարեն։ Անցագիրը նրանց իրավունք կտա գտնվել և աշխատել ԱՄՆ-ի տարածքում 4 տարի՝ լքելով երկիրը միայն կարճ ժամանակահատվածով։ Ժամկետը լրանալուց հետո ներգաղթյալները կարող են կրկին ներկայացնել փաստաթղթերը և երկարացնել այն։
Համաձայն օրինագծի՝ հայց կարող են ներկայացնել նաև այն ներգաղթյալները, որոնք սպասում են իրենց արտաքսմանը։
Ութ տարի անց ներգաղթյալները կարող են ներկայացնել փաստաթղթերը «գրին-քարտ»-ի համար։ Այն ստանալու համար նրանք ստիպված կլինեն սովորել անգլերեն լեզուն և ԱՄՆ-ի պատմությունը, վճարել հարկերը։ Այնուհետև նրանք կարող են հավակնել քաղաքացիություն ստանալուն։










