Քերիի և Լավրովի՝ երկար սպասված հեռախոսազրույցը կայացել է

00:54 • 18.02.13

ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր քննարկել են Սիրիայի իրավիճակը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հյուսիսային Կորեայի ատոմային փորձարկումների դեմ պատասխան քայլերի նախապատրաստական աշխատանքները: Ըստ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները «մոտ 30 րոպե» խոսել են հեռախոսով: Նուլանդը նշել է, որ «նրանք համաձայնել են համեմատել իրենց աշխատանքային պլանները, որպեսզի մոտակա շաբաթների ընթացքում կազմակերպեն իրենց առաջին երկկողմանի հանդիպումը»: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:


Նշվում է, որ Սիրիայի իրավիճակը քննարկելիս Քերին և Լավրովը նշել են, որ կարևոր է այն, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը օգտագործեն կողմերի վրա ունեցած իրենց ազդեցությունները, որպեսզի կարողանան աջակցել քաղաքական անցումային գործընթացին: Պետքարտուղարը նշել է, որ պետք է շուտափույթ դադարեցնել արյունահեղությունը, կանխել պետական համակարգերի քայքայումը, կազմակերպել սիրիացիների իրավունքների պաշտպանությունը և նրանց օգնություն ցույց տալ ծայրահեղականության և հետագա կրոնական թշնամության դեմ պայքարելու համար:


Բացի այդ, ԱՄՆ-ն և ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատասխան քայլեր են մտածում Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողությունների դեմ:


«Պետքարտուղարը և ԱԳՆ ղեկավարը համաձայնել են Նյու-Յորքում սերտորեն համագործակցել Հյուսիսային Կորեայի պրովակացիոն քայլերի դեմ ձեռնարկվելիք անհապաղ պատասխանի շուրջ»,- հայտնում է Նուլանդը:


Նախկինում նման հայտարարություն էր տարածել նաև Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը՝ նշելով, որ նախարարը և պետքարտուղարը պայմանավորվել են կապ պահպանել այս և միջազգային այլ հարցերի վերաբերյալ: