ՀՀ բոլոր ընտրատեղամասերը բացվել են, իսկ թանաքի հետ կապված խնդիր այս անգամ չկա. Տիգրան Մուկուչյան

09:25 • 18.02.13

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հավաստմամբ՝ առավոտյան ժամը 08:00-ից ընտրողների սկսել են ընդունել բոլոր ընտրատեղամասերը, որոնք նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով բացվել էին դեռևս 07:00-ին:


ՀՀ-ում ձևավորվել և գործում են 41 ընտրական հանձնաժողովներ, 1988 տեղամասերից 7-ը ձևավորվել են քրեակատարողական հիմնարկներում, որոնցում քվեարկությունը սկսելու է ավելի ուշ:


Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ 1504 հանձնաժողովի անդամներից 127-ը չեն ներկայացել: «Փորձարկվել է թանաքանյութը, որը նախորդ ընտրության ընթացքում ամենաշատ շահարկված թեման էր, և ընտրական հանձնաժողովները թանաքի հետ կապված առայժմ որևէ ահազանգ չեն ստացել: Քվեարկությունն ընթանում է նորմալ»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բացվել է տեղեկատվական կենտրոնը: