Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները դիմել են եվրոպական դատարան
2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ զինուժի սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները, ինչպես նաեւ մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները անհատական հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան են (ՄԻԵԴ)՝ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Գանգատում պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը եւ Ադրբեջանի կողմից նրան ներում շնորհումը, ըստ էության` արդարացումը եւ հերոսացումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք),14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները:
Պարզաբանելով մարդասպան Սաֆարովի գործով միջազգային բողոքարկմանն առնչվող որոշ իրավական մանրամասներ` այսօր Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը եւս այս գործընթացին որոշակի մասնակցություն կունենա, սակայն` ոչ այս փուլում:
«Այս փուլում առաջնահերթության իրավունքով եւ կարգով այդ գանգատը ներկայացվել է, այդ պատճառով Հայաստանի Հանրապետությունը որեւէ մասնակցություն չի ունենալու»,– ասել է նա:
Ռուբեն Մելիքյանը նաև նշել է, որ ՀՀ–ն իրավունք ունի ներգրավվել վարույթին որպես երրորդ կողմ: «Եվ այն ժամանակ, երբ ներգրավվենք վարույթին, քանի որ դիմումատուները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, մենք շատ ջանասիրաբար եւ արդյունավետ կիրականացնենք Հայաստանի Հանրապետության շահերի այս շատ կարեւոր խնդրի պատշաճ ներկայացումը», - ասել է փոխնախարարը:










