Ֆրանսիան չի կարող թույլ տալ, որ հակահայկական ռասիզմ ներմուծվի մեր երկիր. ֆրանսիացի պատգամավորներ

16:00 • 01.03.13

Ֆրանսիացի պատգամավորներ  Հենրի Ժիբրայիլը և Քրիստոֆ Մասը համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ (փետրվարի 26-ին) գրանցված միջադեպը: Ինչպես հաղորդում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը, ֆրանսիացի խորհրդարանականներն այդ միջադեպը որակել են որպես ադրբեջանցիների կողմից իրականացված «սադրանք», մարդու իրավուքների նկատմամբ անհարգալից վերաբերմունք և խոսքի ազատության դեմ ոտնձգություն:

 

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել «Սումգայիթյան դեպքերից 25 տարի անց. ներկա վիճակն ու ապագա հեռանկարները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար» խորագրով միջոցառման ժամանակ: Միջոցառման սկզբում մասնակիցներին կոչ է արվել մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը. դահլիճում գտնվող ադրբեջանցիները ոտքի չէին կանգնել:  Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը մոտեցել էր նրանց՝ հարցնելու, թե ինչու չեն կանգնում, նրանցից մեկն ասել է, թե նույն այդ օրերին Ադրբեջանում նշվում է Խոջալուում հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականցված «ցեղասպանության» տարելիցը (իսկ թե իրականում ինչ է տեղի ունեցել 1992թ. ԼՂ Խոջալու գյուղում, կարդացեք այստեղ- Tert.am) և իրենք կհարգեն միմիայն Խոջալուի զոհերի հիշատակը: Մեկ այլ «խիզախ» ադրբեջանցի էլ համարձակվել է հարվածել Վարժապետյանին: Այդ ամենը տեսնելով՝ հայերը օգնության էին շտապել և կողմերի միջև ծեծկռտուք էր սկսվել:

 

Ֆրանսիացի քաղաքական գործիչներն ասել  են, որ Ազգային ժողովի շենքում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հակահայական քարոզչությամբ սնվող ակտիվիստներն իրենց «լիովին անպատժելի են» համարում:

 

«Ֆրանսիայի Հանրապետությունը չի կարող թույլ տալ, որ արտաքին ուժերը, ներթափանցելով Ֆրանսիա, մեքենայությունների միջոցով հակահայական ռասիզմ ներմուծեն մեր երկիր»,- ասված է հայտարարությունում:

 

 

Պատգամավորներն ընդգծել են, որ այժմ, ավելի քան երբևէ, ժամանակն է, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք  ընդունվի: «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ այդ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը (2013թ. փետրվարին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականոցնող նոր օրինագիծ է ներկայացվել խորհրդարան, նախորդը Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. հակասահմանադրական ճանաչեց) կլինի այն քայլը, որը միաժամանակ թույլ կտա և՜ պաշտպանել հայերի հիշատակը, և՜ մեր երկրում պահպանել քաղաքացիական անդորրը»,- նշել են նրանք: