Ամերիկուհուն պլաստմասե iPad են վաճառել իրականի արժեքով
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի բնակչուհին խոշոր ցանցային խանութներից մեկից պլաստմասե iPad է գնել. կեղծված սարքի համար կինը վճարել է 499 դոլար, հայտնում է Russia Today-ը։
Ամերիկայում հայտնի Wallmart ցանցի խանութներից մեկում Սյուզան Նեսին գնել է Apple նոր պլանշետային համակարգիչ, սակայն ստացել է միայն բուտաֆորիա և գլխացավ։ Զգուշորեն փաթեթավորված տուփում նա հայտնաբերել է ներկված պլաստմաս։
«Այն ամբողջովին պլաստմասից էր, ոչ մի մետաղական մասնիկ»,- ասել է կինը։
Նա վերադարձրել է սարքը 20 րոպե անց, սակայն վաճառողները չեն համաձայնվել ոչ փոխել այն, ոչ վերադարձնել գումարը, իսկ իր իրավացիությունն ապացուցելու համար խորհուրդ են տվել դիմել Apple ընկերությանը։ Սակայն ամերիկուհին որոշել է դիմել հեռուստատեսությանը՝ իր պատմությունը պատմելով տեղական ալիքներից մեկին։
Գործին խառնվել է արտադրող ընկերությունը, որը վերադարձրել է գումարն ամբողջությամբ։
Wallmart-ի ներկայացուցիչը ներողություն է խնդրել գնորդից և խորհուրդ տվել բոլոր ապագա գնորդներին բացել փաթեթավորումն անմիջապես դրամարկղում՝ նման իրավիճակներից խուսափելու համար։










